May 2

Ոսկի և երկաթ

Ղ․Աղայան

Ոսկին երկաթին անարգելով, ասաց մեկ անգամ․

-Երանի գիտենամ, դու ինչացո՞ւ ես, որ մետաղների կարգն ես ընկել. քո սև ու ժանգոտ
երեսովդ մարդու վրա զզվանք ես բերում: Նայիր ինձ վրա, տես ինչպես գեղեցիկ եմ
փայլում, ինչպես շողշողում: Նայիր մեր սիրուն օրիորդների ու հարսների ականջներին ու
մատներին, դու կտեսնես իմ փառքն ու պատիվը, նայիր նրանց ճակատների շարքերին,
դու կտեսնես իմ փայլն ու գեղեցկությունը: Չեմ հաշվում գինդերը, գնդասեղները. գիտեմ,
որ դու այնքան կոշտ ու կոպիտ ես, որ այդպես քնքուշ բաների մասին ոչ ճաշակ ունես, ոչ
հասկացողություն:
Երկաթը պատասխանեց ոսկուն.

-Ես չեմ ուրանում, ոսկի աղա, որ դու գեղեցիկ ես, ամեն բանի զարդն ու զարդարանքը դու
ես, գինդ շատ բարձր է, աղքատի բան չես, բայց ինչո՞ւ ես չափիցդ դուրս գոռոզանում: Քո
սիրուն օղակներդ ոչ ականջի լսելիքն են ավելացնում, ոչ մատներին ու կռներին
զորություն ու ժրություն են տալիս: Ճակատների փայլուն շարքերը գլխին խելք չեն տալիս.
ոչ կուրծքերի նուրբ մանյակները սրտին գութ ու խնամք: Ինչ ասեմ մեր օրիորդներին, քեզ այդչափ պատիվ են տալիս, քեզ համար հալվում, մաշվում ու բարակացավ ընկնում: Իմ մի փոքրիկ ասեղը քո բոլոր զարդարանքներից ավելի է օգուտ տալիս: Գիտե՞ս, ոսկի աղա, իմ փոքրիկ ասեղը քանի տուն է պահում, քանի որբի կերակրում: Իմ խոփն ու ձևիչը ամբողջ աշխարհին հաց են տալիս: Մարդիկ ինչ որ շինում են կամ պետք է կտրեն, կամ պետք է ծեծեն, կամ պետք է խարտոցեն, կամ պետք է
կարկատեն: Իմ ուրագն ու կացինը որ չլինեն, իմ դուրն ու շաղափը, իմ սղոցն ու մուրճը,
իմ կտրիչն ու խարտոցը, էլ կարո՞ղ էին մարդիկ քար քարի վրա դնել, փայտ փայտի վրա: Ահա այդպես պարծենկոտ ես դու, ոսկի աղա, քո փայլից կուրացած ՝ ուրիշի
լավությունը չես տեսնում:

Գործնական աշխատանք

Քեզ ծանոթ համակարգչային ծրագրով տեքստի շուրջ առաջադրանքներ կազմի՛ր և հրապարակի՛ր։

https://quizizz.com/join/quiz/663390cc641431ad4e9c5bd6/start


Posted May 2, 2024 by lizameliqyan in category Մայրենի, Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*